Գլխավոր խնդիրը Սիրիայի կառավարությանը եւ երկրի ճակատագրի մասին մտածող ընդդիմադիրներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է, հոկտեմբերի 1-ին Իսլամական համագործակցության կազմակերպության  գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Խոսելով Սիրիայի հարցով «Ժնեւ-2» կոնֆերանս անցկացնելու հնարավորության մասին՝ Լավրովն ասել է, որ հույս ունեն հանդիպումը կազմակերպել նոյեմբերի կեսերին: Ինչ վերաբերում է սիրիացի ընդդիմադիրներին, այդ հարցը պետք է հստակեցվի:

«Այժմ խնդիրն այն է, որպեսզի այլեւս ժամանակ չկորցնենք եւ Սիրիայի կառավարության հետ  բանակցությունների սեղանի շուրջ նստեցնենք այն ընդդիմադիրներին, որոնք մեղսունակ են եւ մտածում են ոչ թե Սիրիայում խալիֆաթ  ստեղծելու, ոչ թե իշխանությունը խլելու եւ իրենց հայեցողությամբ այն գործադրելու, այլ երկրի ճակատագրի մասին, դրա միասնականության, տարածքային ամբողջականության մասին, այն մասին, որ այնտեղ իրենց ապահով ու հարմարավետ զգան բոլոր կրոնական, ազգային խմբերը»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այնպես որ, պետք է միջամտեն ընդդիմության վրա ազդեցություն ունեցողները, ամենից առաջ՝ մեր արեւմտյան գործընկերները եւ Մերձավոր Արեւելքի առանցքային երկրները»,- ասել է Լավրովը: