ԱՄՆ-ը Վրաստան է ուղարկել Գուանտանամո բանտի երեք կալանավորների։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչներին։

Ինչպես հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, կալանավորների տեղափոխումն իրականացվել է անվտանգության հարցերը՝ երկու կողմերի միջեւ համաձայնեցնելուց հետո։ «Մենք շնորհակալ ենք Վրաստանին, որ նա համաձայնել է աջակցել Գուանտանամոյի բանտի փակման պլանին», ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլիի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

Վրաստանի ՆԳ նախարար Շոթա Ուտիաշվիլիի խոսքով, բանտարկյալները Վրաստանում ազատ կլինեն, կապրեն սովորական մարդկանց նման եւ մշտական կապի մեջ կլինեն իրենց ընտանիքների հետ։ Սակայն Վրաստանի տարածքից դուրս գալ նրանք չեն կարողանա։ Ինչպես հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ելիզավետա Տկեշելաշվիլին, Թբիլիսին համաձայնել է ընդունել Գուանտանամոյի բանտարկյալներին՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները լավացնելու նպատակով։ Պաշտոնական տվյալներով, Թբիլիսին ահաբեկչության մեջ մեղադրվող մարդկանց ընդունում է առաջին անգամ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Դեյվիդ Ակսելրոդը համոզմունք էր հայտնել, որ Կուբայում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ստեղծված Գուանտանամո բանտը կփակվի։ Սակայն նշել էր, որ դեռեւս դրան խոչընդոտող խնդիրներ կան։

Օբամայի իշխանության գալու ժամանակ Գունտանամոյում 242 մարդ կար։ Այն ժամանակվանից նրանցից շատերը հանձնվել են իրենց երկրներին եւ երրորդ պետությունների, մեկն ինքնասպան է եղել, իսկ եւս մեկը դատարանի առջեւ կանգնելու համար տեղափոխվել է Նյու Յորք։