Հայ-ֆրանսիական բարեկամությունն այնքան խորը, ընդգրկուն եւ բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ նշել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին 20 տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին:

Սերժ Սարգսյանի խոսքով, հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձեւավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային եւ գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը եւս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առեւտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաեւ նորերը:

Նախագահը կարեւորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի եւ Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջեւ: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարեւորել է ս.թ. հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, եւ հաջողությամբ են զարգանում նաեւ հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետեւողական ջանքերի համար: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները եւս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարեւորում են Ֆրանսիայի նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը եւ որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ եւ ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ եւս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը: