Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակն անշուշտ գոհացնում է, սակայն նաեւ պարտավորեցնում է չբավարարվել եղածով, այլ անել հնարավորը երկկողմ համագործակցության շարունակական խորացման եւ ընդլայնման համար: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Փարիզում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու փոխվստահությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Ֆրանսիան դիտարկում է որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամ եւ հուսալի գործընկեր, որը միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի խնդիրներին, եւ թանկ է գնահատվում յուրաքանչյուր հայի կողմից: Նախագահն օրինաչափ է համարել, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում:

Հայաստանի նախագահը եւ Ֆրանսիայի Սենատի նախագահը համակարծիք են եղել, որ հարաբերությունների նման հանգրվանի երկու երկրները հասել են բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական իշխանությունների միջեւ ծավալված արդյունավետ գործընկերության եւ այլ համատեղ ձեռքբերումների շնորհիվ:

Սերժ Սարգսյանը եւ Ժան-Պիեռ Բելը երկուստեք ընդգծել են միջխորհրդարանական կապերի մեծ նշանակությունը երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Հայաստանի Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես եղել եւ շարունակում է մնալ երկկողմ օրակարգի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը: Այս գործում, ըստ նրա, անշուշտ, նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը, Ազգային ժողովի եւ Սենատի բարեկամության խմբերում ընդգրկված պատգամավորները, որոնցից շատերը նաեւ քույր քաղաքների ու շրջանների ղեկավարներ են:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունների կողմից արդեն ավանդական դարձած այցելությունները Լեռնային Ղարաբաղ: Նա բարձր է գնահատել նաեւ ս.թ. մարտին Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ձեւավորված «Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը»: Այս խմբում միջազգային հանրության անաչառ ու համապարփակ տեղեկացվածությունը, Նախագահի համոզմամբ, շատ կարեւոր է:

Հանդիպմանը մասնակցող սենատորների խնդրանքով, Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարներին, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը նաեւ գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի Ոսկե գրքում: