ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում Համաշխարհային բանկն, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մեկնարկել է կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների կատարելագործմանն ուղղված մի նոր ծրագիր: Այս նախաձեռնությունը մեկնարկելու համար Վիեննայում անցկացվող համաժողովին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ արեւելյան ու հարավ-արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ԵՄ-ից, այլ եվրոպական երկրներից ու միջազգային կառույցներից:
«Աուդիտի եւ հաշվետվությունների կատարելագործումը Արեւելյան ործընկերության երկրներում» (STAREP) նոր ծրագրի մասնակից պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:
Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկելի են, թե միջազգային հաշվետվական ստանդարտների եւ միջազգային ու եվրոպական կանոնակարգիչ դաշտի վերջին ու առաջիկայում նախատեսվող փոփոխություններն ինչ կերպ կանդրադառնան հաշվապահական հաշվառման ու աուդիտի բարեփոխումների իրենց պլանների վրա:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանի տնօրեն Հենրի Կերալին շեշտել է տարածաշրջանի բոլոր երկրներում գործարար միջավայրի որակի բարձրացման հարցում արդյունավետ ֆինանսական հաշվետվությունների ունեցած ներգործությունը: Հաշվապահական հաշվառման ու աուդիտի լավ համակարգերը նաեւ մեծացնում են թափանցիկությունը՝ դրանով իսկ օգնելով կոռուպցիայի նվազեցմանը:
STAREP-ը, որ սկզբնապես ֆինանսավորվում էր Զարգացման ավստրիական գործակալության եւ Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից, նախատեսում է օգնել մասնակից պետություններին ձեւավորել հաշվապահական հաշվառման ու աուդիտի կայուն ու արդյունավետ շրջանակ, որը համահունչ է միջազգային ստանդարտներին եւ հաշվի է առնում ԵՄ օրենքների ու կանոնակարգերի համակարգով կամ acquis communautaire-ով առաջ քաշվող պահանջները:
Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասել է. «Ակնկալում ենք, որ նոր STAREP տարածաշրջանային ծրագիրը նոր թափ կհաղորդի կորպորատիվ հաշվետվությունների համակարգի բարեփոխումներին: Ծրագրի ներքո կարեւորվում է միմյանցից սովորելու պրակտիկան, ինչպես նաեւ առանձին օժանդակություն է ցուցաբերվելու Հայաստանին կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների դաշտը բարելավելու ու տեղական հաստատությունների կարողությունները զարգացնելու հարցում»:
Ավստրիայի ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն Հարալդ Վայգլայնը ասել է. «Վերջին ֆինանսական ճգնաժամն ի ցույց դրեց կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների արդյունավետ համակարգերի կարեւորությունը: Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնը եղել է կորպորատիվ թափանցիկության ու արդյունավետ կորպորատիվ կառավարման խթանման առաջամարտիկների շարքում մի տարածաշրջանում, որը կենսական նշանակություն ունի Ավստրիայի տնտեսական շահերի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք շարունակել հաջող գործընկերությունը Համաշխարհային բանկի Վիեննայի գրասենյակի այս անբաժանելի օղակի հետ ու ողջունում ենք STAREP ծրագրի մեկնարկը»:
Համաժողովի փակման ժամանակ Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Ծրագրային ծառայությունների ու որակի վարչության տնօրեն տ-ն Սամիա Մսադեքը շեշտեց Արեւելյան գործընկերության երկրներում գործարար միջավայրի բարելավմանը (հատկապես ՓՄՁ-ների համար) ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունների, այդ թվում՝ STAREP-ի կարեւորությունը, եւ շնորհակալություն հայտնեց Ավստրիական կառավարությանն ու մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ բարեփոխումներ կատարելու պատրաստակամության համար: «Արեւելյան գործընկերության երկրների համար STAREP-ը ստեղծում է մասնավոր հատվածի զարգացման ու ընդհանուր բարեկեցության համար նպաստավոր ֆինանսական հաշվետվությունների համակարգի ձեւավորման շուրջ համատեղ աշխատելու հետաքրքիր հնարավորություն», - եզրակացրել է Մսադեքը:
STAREP ծրագիրը իրականացվելու է Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի (CFRR) կողմից, որը ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների իրականացման հետ կապված գիտելիքա-խորհրդատվական ծառայություններ ապահովող մասնագիտացված կառույց է Վիեննայում: Նոր ծրագիրը կկառուցվի այն հաջողությունների շուրջ, որոնք գրանցվել են հարավ-արեւելյան Եվրոպայի ԵՄ անդամության թեկնածու երկրներում CFRR-ի իրականացրած «Ճանապարհ դեպի Եվրոպա. Հաշվապահական հաշվառման բարեփոխումներ ու ինստիտուցիոնալ հզորացում» (REPARIS) ծրագրի շրջանակում:





























