Բիրմայում կրկին կրոնական հողի վրա կոնֆլիկտ է տեղի ունեցել. բուդդայականները սպանել են 94-ամյա մահմեդական կնոջ եւ 70-ից ավելի տուն այրել:

Անկարգություններին մասնակցել են 700-ից ավելի զինված ցուցարարներ:

Տարեց  մահմեդական կինը մահացել է դանակով հարձակման ժամանակ ստացած վնասվածքից:

Բռնությունը չի դադարել անգամ Բիրմայի նախագահ Թեյն Սեյնի ժամանումից հետո: Թանդվեի ծայրամասային մի քանի գյուղերում լարվածություն աճում է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Ռաքհայնում կրոնական բախումները սկսվել էին 2012թ. հունիսից եւ վերածվել հակամահմեդական ալիքի՝ տարածվելով երկրի քաղաքներում եւ գյուղերում: Տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 240 մարդ, 140 հազար բնակիչ ստիպված է եղել լքել տունը: