Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին արհեստական արգելքներ է ստեղծում: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ստրասբուգում ԵԽԽՎ նիստի ժամանակ՝ պատասխանելով պատվիրակների հարցերին: «Երբ մենք սկսում էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցությունները, հասկանալի էր, որ հակամարտությունը կարող էր կարգավորվել միայն երկու կողմերի ջանքերի հիման վրա»,-ընդգծել է Սարգսյանը:

Պետության ղեկավարը նկատել է, որ երկար բանակցություններից հետո, Մինսկի խումբը փաստաթուղթ ներկայացրեց՝ Մադրիդյան սկզբունքները: Այդ փաստաթուղթը հիմնվում է երեք սկզբունքների վրա՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, հայկական կողմն ընդունում է միջնորդների ներկայացրած փաստաթուղթը, Ադրբեջանը՝ ոչ:

«Կազանում, փոխանակ փաստաթուղթ ստորագրելու, ադրբեջանական կողմն ուղղումներ էր ներկայացրել եւ այդ ժամանակվանից ի վեր իրավիճակն ավելի է սրում եւ արհեստական արգելքներ է ստեղծում»,-ընդգծել է ՀՀ նախագահը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ընդունում է վերոհիշյալ սկզբունքներից միայն մեկը. «Կարծում ենք, որ երեք սկզբունքները պետք է միաժամանակ ընդունվեն: Մենք խաղաղություն եւ կայունություն ենք ուզում»,-եզրափակել է Հայաստանի նախագահը: