Բրիտանական դեսպանատան հրավերով՝ Հայաստանում Բրիտանիայի օրեր ծրագրի շրջանակում, Երեւանում է Թոնի Բլերի լրատվամիջոցների գծով նախկին խորհրդական Լենս Փրայսը:
Հոկտեմբերի 3-ին Լանս Փրայսը պատմություններ կներկայացնի 30 տարիների ընթացքում Բրիտանական մամուլի զարգացման մասին: Նա կհանդիպի քաղաքական ուժերի, թերթերի խմբագիրների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նա անգլիական Լեյբորիստական կուսակցության հաղորդակցության բաժնի ղեկավար է եղել 2000-2001թթ, ինչպես նաեւ վարչապետ Թոնի Բլեյերի հատուկ խորհրդական 1998-2000թթ:
Լանս Փրայսը նաեւ գրող է, հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան: Լանսը պարբերաբար գրում է հետեւյալ լրատվամիջոցներում: The Guardian, Daily Telegraph, The Times, Independent Evening Standard, New Statesman, Today Programme, Newsnights, Panorama, Question Time, Channel Four News, BBC:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից մեկնարկում են Մեծ Բրիտանիայի օրերը, որը կտեւի ուղիղ մեկ ամիս՝ մինչեւ նոյեմբերի 1-ը:
Անցկացվելիք միջոցառումների շրջանակներում տեղի կունենան համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ թատերական բեմադրություններ, կանցկացվեն սեմինարներ:
Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ տարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, լրատվամիջոցներ, մշակույթ, կրթություն, սպորտ, ձեռներեցություն: «Հույս ունեմ, որ այդ միջոցառումները երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության նոր խթան կհանդիսանան»,-նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը:
Երեւան կայցելի նաեւ ռեժիսոր Շոն ՄաքԱլիսթերը, որը վարպետության դասընթացներ կանցկացնի եւ կներկայացնի իր նոր ֆիլմերը: Միջոցառումների շրջանակում կկազմակերպվի հանդիպում անգլերենի ուսուցիչների հետ, կլինի աստղաֆիզիկոսների ֆորում, Հայաստան ներդրումներ ներգրավելուն ուղղված կոնֆերանս, նաեւ ֆուտբոլային հանդիպում անգլիական «Արսենալ» եւ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբների երկրպագուների մասնակցությամբ:





























