Հուլիսի 15-ին ադրբեջանական կողմին գերի ընկած հայ ժամկետային զինծառայողի հետ կապված փաստը ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հակահայկական քարոզչության նոր ալիք բարձրացնելու առիթ է տվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, Ադրբեջանի ռազմական ոմն փորձագետ կարծիք է հայտնել, թե այդ քայլին զինծառայողին դրդել է «սովը և Եվրոպա տեղափոխվելու հեռանկարը»: Փորձագետն իրեն իրավունք է վերապահել անգամ խորհուրդ տալ հայ զինվորներին` ադրբեջանական կողմն անցնել գումարտակներով և գնդերով` քանի որ այսպես ավելի հեշտ կլինի նրանց Եվրոպա տեղափոխելը: Իսկ «1news.az» գործակալության հրապարակած դիմումն ուղղված ՀՀ Զինված ուժերին անցնում է երևակայության բոլոր սահմանները: Այստեղ «ծաղկող» Ադրբեջանը «սովալլուկ» հայ զինվորներին խորհուրդ է տալիս, թե ինչպես անցնել ականապատված վայրերով, ինչպես գերի հանձնվել` հետագայում Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա տեղափոխվելու հեռանկարով, ուր նրանց սպասվում է բարեկեցիկ կյանք:
«Հարկ է նշել, որ վերջին տարիներին հայկական կողմ են անցել և գերի հանձնվել ադրբեջանցի 8 զինվորներ, որոնցից 6-ը հետագայում Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների գործերով Գլխավոր հանձնակատարի միջնորդությամբ տեղափոխվել են երրորդ երկրներ, իսկ մյուս երկուսը դեռ Հայաստանում են և հրաժարվում են վերադառնալ Ադրբեջան: Այս փաստերը հայկական կողմը երբեք չի շահարկել կամ քաղաքականացրել, ինչը փորձում են իրականացնել ադրբեջանական „փորձագետները“:
Նշվածը վկայում է, որ ադրբեջանական որոշ կառույցներ հետևողականորեն ջանում են առավելագույնս լարել հակամարտող կողմերի հարաբերությունները, ստեղծել բարոյահոգեբանական լարված մթնոլորտ, ինչն անմիջականորեն վտանգում է միջազգային միջնորդների ջանքերը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասված է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:



























