66 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի գրող, «Որս «Կարմիր հոկտեմբերի» վրա» եւ «Հայրենասերների խաղը» գրքերի հեղինակ Թոմ Քլենսին: Գրողի վախճանի մասին հոկտեմբերի 2-ին իր թվիթերյան էջում հայտնել է Publishers Weekly-ն: Գրողը մահացել է Բալթիմորի հիվանդանոցում:
Թոմ Քլենսին հայտնի էր իր լրտեսական ու ռազմական բեսթսելերներով, որոնք նկարագրում էին այլընտրանքային պատմությունն ու նվիրված էին ողջ աշխարհին սպառնացող տարբեր վտանգների դեմ պայքարող ամերիկյան հատուկ ծառայություններին:
Թոմ Քլենսիի անունը վերջին տարիներին կապված էր առավելապես համակարգչային խաղերի հետ: Նրա գրած սցենարների հիման վրա ստեղծվել են այնպիսի հայտնի խաղեր, ինչպիսիք են Splinter Cell-ը, Rainbow Six-ը եւ Ghost Recon-ը:
2008թ.-ի ռուս-վրացական կոնֆլիկտից հետո պարզ դարձավ, որ Թոմ Քլենսիի՝ 2001թ.-ին թողարկված Ghost Recon խաղը գրեթե «կանխագուշակել էր» այդ իրադարձությունները: Խաղում ամերիկյան հատուկ ջոկատները օգնում են Վրաստանին պայքարել հարավօսական ու ռուսական բանակների դեմ, եւ այդ ամենը տեղի է ունենում հենց 2008թ.-ին: Իհարկե խաղն ավարտվում է Կովկասից բավական հեռու, այն է՝ Մոսկվայի գրավմամբ, նշում է ՆՏՎ-ն:





























