Իտալիայի խորհրդարանի Վերին պալատը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Էնրիկո Լետայի կառավարությանը: Այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր աջակցությունը հայտնեց գործող կաբինետին, քվեարկության ելքն արդեն պարզ էր:
Սենատում «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդն իր ելույթում նշել է.«Հասկանալով, որ Իտալիային անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնող կառավարություն, մենք որոշել ենք վստահություն հայտնել Էնրիկո Լետայի կաբինետին»:
Ավելի վաղ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր, որ իր կողմից հարուցած ճգնաժամն իրեն սպառել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մի քանի օր առաջ Բեռլուսկոնիի հրահրած ճգնաժամը ստիպեց կուսակցությունը ներկայացնող հինգ նախարարների լքել կառավարությունը, իսկ խորհրդարանի երկու պալատներում մի քանի պատգամավորներ հրաժարականի պատրաստականություն հայտնեցին:
Արդյունքում անհրաժեշտ 161 ձայների դիմաց Էնրիկո Լետային վստահության քվե տվեց 235 սենատոր, դեմ էին 70-ը, մեկը ձեռնպահ էր, իսկ 14-ն առհասարակ չէին մասնակցել քվեարկությանը:
Ավելի վաղ ֆինանսական խարդախությունների համար դատապարտված նախկին վարչապետը որոշել է կանխել իր կուսակցության տրոհումն ու զիջման էր գնացել՝ տեղի ունեցողը վերածելով կեղծիքի: Սակայն կառավարությունը մոտ մեկ շաբաթ դադարեցրեց աշխատանքը, ինչը իտալացիների համար միլիոնավոր եվրոների արժեք ունեցավ, իսկ ԱԱՀ-ի դրույքն ավելացավ 1 տոկոսով:
Ինչպես եւ նախատեսվում էր, Սենատից Բեռլուսկոնիի հեռացման հարցը կքննարկի հատուկ հանձնաժողովը:





























