Հարեւաններին ճնշելը երկիրը չի գեղեցկացնում համաշխարհային հանրության աչքում, հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը: Ներկայումս Լիտվան նախագահում է ԵՄ-ում: Երկիրն իր նախագահության գլխավոր խնդիրն է համարում Արեւելյան գործընկերության երկրների հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելը:
«Ռուսաստանը ճնշում է երկրներին: Պետութուններն իրենց կարծիքն ունեն, եւ իրենք են ընտրել` ինչ ուղղությամբ շարժվել: Միանգամայն անհասկանալի է` ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը» – ասել է Լինաս Լինկյավիչուսը հոկտեմբերի 2-ին` Reuters-ի հետ հարցազրույցում, փոխանցում է «Պիտեր-Պիտերը»:
Նա նաեւ նշել է, որ Լիտվան կարող է արգելափակել Կալինինգրադի մարզի ցամաքային հաղորդակցումը Ռուսաստանի հետ, եթե Մոսկվան շարունակի ճնշում գործադրել հարեւանների վրա:
«Կալինինգրադն աշխարհագրական առումով մեկուսացած շրջան է, այդ պատճառով էլ մենք նոյնպես կարող ենք որոշ միջոցներ ձեռնարկել` որեւէ բան դադարեցնելու համար», - հայտնել է Լինկյավիչուսը:
«Մենք կարող ենք կանգնեցնել գնացքները, եւ ոչ միայն, մենք կարող ենք նաեւ դադարեցնել ապրանքների մատակարարումը եւ էլի շատ բաներ: Տեսականորեն դա հնարավոր է, սակայն դա չի քննարկվել, մենք հակամարտության չենք գնում» - նրա խոսքերն է մեջբերում «Փրայմը»:
Ավելի ուշ մեկնաբանելով որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունն իր խոսքերի վերաբերյալ` Լինկյավիչուսը նշել է, որ Վիլնյուսը չի դիտարկում Կալինինգրադի մարզի հետ Ռուսաստանի հաղորդակցման հնարավոր արգելափակումը, հայտնում է «Դոժդը»:
Սակայն, նշել է նա, եթե ռուսական մաքսատունը շարունակի լիտվական ապրանքների մանրազնին ստուգումը սահմանին, դա կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների վրա: Լինկյավիչուսն ընդգծել է, որ ռուսական մաքսայինների գործողությունները «քաղաքական շարժառիթներ ունեն» եւ կատարվում են «առանց բացատրության»:





























