«Հայ-թուրքական գործընթացում Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շահելն անհնար է, չտուժելն անհնար է եւ նաեւ խաղից դուրս գալն է անհնար»,- մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտնի հայտարարությանը, թե իրենք կարող են վտարել հայաստանցիներին Թուրքիայից, նա նշեց, որ դա իրականում ոչ թե էմոցիոնալ հայտարարություն էր, այլ շատ լավ հաշվարկված քայլ: Ըստ Դ. Շահնազարյանի, Թուրքիան հասկացել էր, որ Հայաստանը պատրաստվում է չսպասելով Թուրքիային, հայ-թուրքական արձանագրությունները մտցնել խորհրդարան ու վավերացնել, ինչը հարված կլիներ Թուրքիային, ուստի Էրդողանը նման հայտարարությամբ կանխեց այդ զարգացումը:

Դ. Շահնազարյանը կրկնեց նախկինում իր արած առաջարկությունը, որ եթե Հայաստանը որոշել է վավերացնել արձանագրությունները, պետք է ողջամիտ ժամկետ նշի, որից հետո գնդակը կհայտնվի Թուրքիայի դաշտում եւ նրանք պետք է արդարանան, թե ինչու չեն վավերացնում:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ Թուրքիան երբեք մտադրություն չի ունեցել վավերացնել այդ արձանագրությունները եւ բաց տեքստով դրանք կապել է ԼՂ խնդրի հետ: «Թուրքիային պետք էր այս գործընթացը, բայց ոչ արդյունքը»,- ասաց ՀԱԿ-ի անդամը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում Հայոց ցեղասպանությանը վերաբերող 252 բանաձեւին, նա նկատեց, որ թեեւ ԱՄՆ ղեկավարությունը բազմիցս նշել է, որ այն չի մտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ, սակայն Թուրքիան շարունակում է դեմ հանդես գալ դրան, քանի որ Թուրքիան ուզում է հավաստիացումներ ստանալ ԱՄՆ-ից, որ նա աջակցելու է ԼՂ հարցում առաջընթացի հասնելու գործին:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն առաջարկում Սերժ Սարգսյանին ընդհանրապես դուրս գալ հայ-թուրքական գործընթացից եւ ուշադրությունը սեւեռել ԼՂ խնդրի վրա, Դ. Շահնազարյանն ասաց, որ ՀՅԴ-ի առաջարկներն ուղղակի լոզունգներ են, քանի որ Սերժ Սարգսյանը չի կարող դուրս գալ գործընթացից առանց կորուստների: Նա նաեւ հավելեց, որ Քոչարյանի շրջապատը, այդ թվում՝ ՀՅԴ-ն ու Վարդան Օսկանյանը դեմ են, որ Սերժ Սարգսյանը գնա Վաշինգթոն: