Զարուհի Փոստանջյանը, որպես ընտրված պատգամավոր, իրավունք ուներ Հայաստանի Հանրապետության ցանկացած պաշտոնյայի աշխարհի ցանկացած անկյունում ցանկացած հարց տալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ամեն մեկը իր մտածողության եւ պատկերացումների համաձայն կարող է քննադատել, բայց ինքը որեւէ խնդիր չի տեսնում, քննադատությանը շատ նորմալ է վերաբերում, եթե դա անձնական վիրավորանքների չի հասնում:

«Ցանկացած դեպքում ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանը, որպես ընտրված պատգամավոր, իրավունք ուներ Հայաստանի Հանրապետության ցանկացած պաշտոնյայի աշխարհի ցանկացած անկյունում ցանկացած հարց տալ, եթե այդ հարցը իր մեջ չի պարունակում պետական, ռազմական գաղտնիք կամ չի վերաբերում պաշտոնատար անձի անձնական կյանքին, մնացած բոլոր հարցերը ինքը որպես ընտրված պատգամավոր իրավունք ուներ տալու»,- ասաց նա:

Քննադատությունները, թե ԵԽԽՎ ամբիոնը որքանով էր նպատակահարմար նման հարց հնչեցնելու, ապա «Ժառանգության» փոխնախագահը չի կարծում, որ դա անհաջող վայր էր այդ հարցը տալու համար, «դա  մեր պաշտոնյաների համար շատ հոգեհարազատ վայր է, որովհետեւ, համենայն դեպս, վերջին երեք ընտրությունները եւ մինչեւ այդ տեղի ունեցած իրադարձությունները այդ վայրում ցանկալի ձեւով  ընթացել են, կարծում եմ ջերմ, ընկերական հարաբերություններ են ԵԽԽՎ ղեկավարության, պատգամավորների հետ, ուստի չեմ կարծում, որ դա այն տեղն է, որը հոգեհարազատ չէ  իշխանություններին»:

Անդրադառնալով  «կեղտոտ սպիտակեղենը» դուրս տանելու խնդրին՝  Արմեն Մարտիրոսյանը «չի կարծում, թե դա է մեր ներքին սպիտակեղենը, մեր կեղտոտ սպիտակեղենն այն է, թե որքան արտագաղթ կա, պետությունը որքան պարտք է վերցրել դրսից եւ ինչպես է ծախսել, ինչպիսի կոռուպցիա, անարդարություն, մարդու իրավունքների խախտման դեպքեր կան երկրում, թե չէ չեմ կարծում, որ այդ հարցը տալը մեր պետականության վերջն էր»:

Արմեն Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց ասել՝  ինքը նման հարց կտար, թե ոչ՝ հարցադրումը տեղին չհամարելով: «Ժառանգության» փոխնախագահը հերքեց նաեւ տեղեկությունները, թե այդ հարցը նախապես համաձայնեցված է եղել իշխանությունների հետ եւ նախագահը տեղյակ է եղել, թե ինչ հարց է հնչելու: Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրևած հարցը, չի քննարկվել նաեւ կուսակցությունում:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն է տվել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման հայտարարությունը հայ պատվիրակի երեւակայության արդյունքն է:

«Ցավոք, նախագահական ընտրություններում Ձեր թեկնածուն չկարողացավ դրսեւորել որակներ, որոնցով նա կարող էր ներկայացնել հայ ժողովրդին»,-հայտարարել է Հայաստանի նախագահը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am