Եվրամիությունը Հայաստանի առաջարկին է սպասում, «Ա1+» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լոուրենսը:
Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որը քաղաքական բարեփոխումներ է ենթադրում»:
«Այո, համամիտ եմ, այդ մասով գործընթացը կլինի շարունակական: Մենք այժմ խորհրդակցում ենք ԵՄ-Հայաստան հարաբերութոյւնների հարցով: Տվյալ պահին մեր կողմից վաղ է հայտարարություններ անել այն մասին, թե ինչպիսին կլինի հարաբերությունների բնույթը: Բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ն կշարունակի մնալ Հայաստանի կողքին», - նշել է Դիրք Լոուրենսը: Նա նաեւ հիշեցրել է, որ Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է այն ժամանակ, երբ Մաքսային միության մասին խոսք անգամ չկար: «Սա ցույց է տալիս, որ Ասոցացման համաձայնագիրը ՄՄ-ի կամ Ռուսաստանի դեմ չէ ուղղված: Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր գործընկեր երկրները լավ հարաբերություններ ունենան Ռուսաստանի հետ», - ամփոփել է Լոուրենսը:





























