Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի նախընտրելի դիրքում է, քան մյուս թեկնածուները: Նման եզրակացություն է պարունակվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջազգային զեկույցում՝ նվիրված հոկտեմբերի իննին կայանալիք նախագահական ընտրություններին: Ինչպես փորձագետներն են կարծում, թեկնածուների նախընտրական քարոզարշավն անցկացվումմ է քաղաքական պլատֆորմի բազայի հիման վրա:

Սեպտեմբերի 13-26 ընկած ժամանակահատվածին վերաբերող զեկույցում հեղինակներն ուշադրություն են դարձրել չորս թեկնածուների գրանցումը մերժելուն, հաղորդում է contact.az-ը: Լրատվամիջոցների մոնիթորինգը ցույց է տվել, որ ամենաշատը լուսաբանվել է գործող նախագահ Իլհամ Ալիեւի գործունեությունը:

Զեկույցում ուշադրություն է դարձվում նաեւ ԿԸՀ-ի նախազգուշացմանը՝ ուղղված նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիին: Նշվում է, որ սեպտեմբերի 19-ի հեռուստադեբատներից հետո, ԿԸՀ-ն նախազգուշացրել է Հասանլիին, հղելով Սահմանադրության 106-րդ հոդվածը, որը արգեում է վիրավորել նախագահի արժանիքներն ու պատիվը: