Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած նիստում ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Որոշման օգտին քվեարկել են 102 պատգամավոր, չորս պատգամավորներ չեն մասնակցել: Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատել է, որ համաներումը, ընդհանուր առմամբ, տարածվելու է 1200-1300 դատապարտյալների վրա, ազատության մեջ կհայտնվեն մոտ 5-6 հարյուր հոգի:

Համաներման գործընթացը տեւելու է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 25-ը: Թովմասյանի խոսքով, առաջին հերթին դա կառնչվի այն դատապարտյալներին, որոնք պետք է ազատ արձակվեն, ապա մյուսներին, որոնց պատժաժամկետը կրճատվելու է 6 ամսով: