Հայաստանի խորհրդարանի խոսնակը, նախքան Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից հեռացնեու որոշման մասին հայտարարելը, պետք է, առնվազն, հաղորդեր իմ դիրքորոշման մասին այդ հարցը խմբակցությունների հետ քննարկելիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 3-ին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝  մեկնաբանելով ԱԺ նախագահի՝ «Ժառանգության» ներկայացուիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից հեռացնելու որոշումը:

«Նախ՝ ես դեմ եմ ինչ-որ հայտարարություններին, երկրորդ՝ այն, թե ով է պատվիրակության կազմում, որոշվում է դ’Օնդթի մեթոդով եւ խմբակցություններն են որոշում՝ ում թեկնածությունն առաջադրել: Սակայն մյուս կողմից, ԱԺ կանոնակարգի 18-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր պատվիրակությունների կազմը հաստատում է խորհրդարանի նախագահը, դա նրա լիազորությունների մեջ է»,-ասել է Հակոբյանը:

Անդրադառնալով Փոստանջյանի երեկվա ելույթին՝ Հակոբյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր պատգամավոր, ելնելով իր լիազորություններից, ինքն է որոշում, թե ինչ հարցեր արծարծի: Նա նաեւ հավելել է, որ սպասում է Փոստանջյանի վերադարձին եւ տեղի ունեցածի գնահատականը կտա նրա հետ խոսելուց հետո. «Փոստանջյանի հարցի հիմնական մասում քաղաքական բաղկացուցիչ չկար եւ ինձ համար անհասկանալի է լրատվամիջոցների կեղծ հայրենասիրությունը՝ կապված նրա ելույթի հետ: Աբրահամյանի մոտ ժողովի ժամանակ ես ասել եմ, որ հանրապետությունում ամոթալի բաներ են տեղի ունենում՝ երկրի մեկ-երրորդն արտագաղթել է, բյուջեի կեսը ստվերային է, կոռուպցիան տիրում է ամենուրեք, իշխանության մի հատվածը սեփականացրել է երկիրը»:

Հակոբյանը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ ինքը Հայաստանի նախագահին նման հարց չէր տա ԵԽԽՎ-ում, սակայն ոչ այն պատճառով, որ «չի ցանկանում կեղտը ջրի երես դուրս բերել», այլ այն, որ սեփական խնդիրներն ի ցույց դնելով՝ առիթ ենք տալիս, որ Եվրոպան երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի: «Այո, մենք ունենք խնդիրներ, սակայն դրանք մենք պետք է լուծենք, իսկ դրա համար կոլեկտիվ գիտակցություն է հարկավոր»,-ընդգծել է Հակոբյանը, հաղորդելով, որ տեղի ունեցածի առնչությամբ չի զրուցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: