Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է նախկին շախմատիստ եւ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Գարի Կասպարովի իրավունքների ոտնահարումը: Դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 10 հազար եվրո վճարել Կասպարովին, հայտնում է ՌԱՊՍԻ-ն:
Գործը վերաբերում էր 2007թ. ապրիլին Մոսկվայում անհամաձայնության երթի ութ մասնակիցների կալանքին: Կասպարովի նկատմամբ վարչական վարույթ էին սկսել, եւ դատարանը հակակառավարական կոչեր բղավելու համար նրանից հազար ռուբլի էր գանձել:
Կասպարովը 2007թ. մայիսին բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1 պարագրաֆի 6-րդ հոդվածի խախտման կապակցությամբ (արդար դատավարության իրավունք)՝ պնդելով, որ պաշտպանության վկաները դատարան չէին հրավիրվել, բացի այդ, լսումները հանրային բնույթ չէին կրել, պաշտպանության համար բավարար ժամանակ չէր տրամադրվել եւ հստակ մեղադրանքներ չէին ներկայացվել:





























