Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր ուժերի համատեղման շնորհիվ ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական ինտեգրման եւ որոշումների համալիր ապահովման բնագավառում հասել ենք շոշափելի արդյունքների: Այս նիստի ծրագրի շրջանակներում կբացենք «ԿԱՄԱԶ-ՀԱՅԱՍՏԱՆ» սերտիֆիկացված սպասարկման կենտրոնը, որը նախատեսված է Պաշտպանության նախարարության եւ այլ ուժային կառույցների ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման համար:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում կարեւորել է  նաեւ Գործարար խորհրդի նշանակալի դերը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ինտեգրացիայի գործում, նշելով նաեւ, որ ստեղծման փուլում են համատեղ ձեռնարկություններն ու սերվիս-կենտրոնները:

«Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական ոլորտի հարցերը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը գտնվում են մեր երկրի քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը խոսել է նաեւ ստեղծվելիք` Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի մասին, որի խնդիրներից է լինելու հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ռազմական արդյունաբերության ոլորտում համապատասխան ծրագրերի կատարման արդյունքների ամփոփումն ու գնահատումը:

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով ռազմատնտեսական համագործակցության դերը, որպես անվտանգության ոլորտում համագործակցության կարեւորագույն բաղադրիչ, բարձրանում է: Ն. Բորդյուժան շեշտեց, որ առաջիկայում համագործակցության հիմնական ուղղություններից մեկը լինելու է ռազմական տեխնիկայի վերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծումը:

Նիստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական արտադրանքի ստանդարտացմանը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական արդյունաբերության մրցունակության ապահովման հարցում, ՀԱՊԿ-ի շրջանակներում զինված ուժերին մատակարարվող առարկաների կատալոգավորման միջպետական համակարգի ստեղծմանը, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մեխանիզմների կատարելագործման հարցերին:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները ստորագրել են համապատասխան արձանագրություն, որտեղ ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները: