ԵԽԽՎ-ն կոչ է արել ԵԽ անդամ-պետություններին նպաստել Սիրիայում ժողովրդավարական հասարակության կառուցմանը, այլ ոչ թե իշխող ռեժիմի անկմանը: Այս մասին ասվում է ԵԽ Նախարարների կոմիտեին ուղղված խորհրդում, որն այսօր միաձայն ընդունվել է սիրիական հակամարտության հարցով հրավիրված շտապ բանավեճերի ընթացքում:

Պատգամավորները խնդրել են ԵԽ անդամ-պետություններին «շուտափույթ կերպով սատարել Սիրիայում ժողովրդավարական, արդար եւ կայուն պետության ձեւավորմանը, որը պահպանում է մարդու իրավունքները, ինչպես նաեւ էթնիկական, մշակութային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները եւ ոչ թե աջակցել իշխող ռեժիմի տապալմանը»: Բացի այդ, ԵԽԽՎ-ն պահանջել է, որպեսզի եվրոպական պետությունները «միանալ այն միջազգային ջանքերին, որոնք ուղղված են այդ երկրում այն ընդդիմադիր ուժերի միավորմանը, որոնք կողմ են ժողովրդավարությանն ու հանդուրժողականությանը»: Այդ կերպ կարելի է նպաստել ընդդիմադիրներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Պատգամավորները կրկին ընդգծել են, որ Սիրիայում փոփոխությունների իրականացումն ու բռնությունների դադարեցումը հնարավոր է հակամարտության բացառապես քաղաքական կարգավորման արդյունքում: Նրանք նաեւ իրենց աջակցությունն են հայտնել Ժնեւում խաղաղ կոնֆերանսի անցկացմանը՝ հույս հայտնելով, որ այն կկայանա մինչեւ տարեվերջ: