Ադրբեջանում կտրականապես համաձայն չեն նախընտրական իրավիճակի գնահատականների հետ, որոնք հնչեցրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Էշթոնի եւ Ֆյուլեի գաղափարները ձեւավորվել են կանխակալ, ոչ օբյեկտիվ, միակողմանի եւ ընտրական գործընթացի իրական ընթացքը խեղաթյուրող տեղեկությունների վրա»,-հայտարարել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը:
Նա նշել է, որ Ադրբեջանում այդ հայտարարությունները ցավով եւ ափսոսանքով են դիմավորել: Հասանովը հավելել է, որ նախընտրական քարոզարշավը երկրում ընթանում է գործող օրենսդրության եւ միջազգային պրակտիկայի հիման վրա: Հասանովը պնդում է, որ վերջին օրերին երկրում մի շարք անձանց կողմից օրենքի խախտելն ու ձերբակալվելը կապված չէ ընտրությունների հետ՝ հավելելով, որ նման հայտարարությունները եւ մեղադրանքները Ադրբեջանի վրա ստվեր գցելու փորձ են:
Հիշեցնենք, որ Ֆյուլեն ու Էշթոնը համատեղ հայտարարությունում անհանգստություն էին արտահայտել Ադրբեջանում տիրող նախընտրական իրավիճակի, քաղաքացիական ակտիվիստների եւ լրատվամիջոցների վրա գործադրվող ճնշումների վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարությունից ակնկալում են նշված ոլորտներում թափանցիկ եւ արդար հետաքննության անցկացում:
Հայտարարությունում ընդգծվել է, որ ԵՄ-ն շարունակում է հետեւել այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին եւ պատրաստ է օգնելու կատարել այդ ոլորտում միջազգային պարտավորությունները:





























