Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մեկնարկել է «Մեծահասակների վիրաբուժություն» միջազգային գիտաժողովը, որին իրենց մասնակցում են բերել աշխարհի տարբեր երկրների ճանաչված մասնագետներ։ Նրանք մեր վիրաբույժներին, անեսթեզիոլոգներին եւ ռեանիմատոլոգներին, վնասվածքաբաններին եւ օրթոպեդներին, ուռուցքաբաններին, անոթային վիրաբույժներին ու նյարդավիրաբույժներին կներկայացնեն իրենց կուտակած փորձը, համատեղ կքննարկեն մեծահասակների վիրաբուժության ասպարեզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասել է.

«Աշնանը Երեւանը սովորաբար վերածվում է գիտական յուրօրինակ կենտրոնի, քանզի մասնագիտական-գիտական մեր շատ կազմակերպություններ, ասոցիացիաներ իրենց շուրջն են համախմբում աշխարհի առաջատար մասնագետներին` նրանց հետ բերելով յուրաքանչյուրի հարուստ փորձը, քննարկում են այս կամ այն ոլորտի արդի խնդիրները, համատեղ լուծումներ գտնում։

Եւ դժվար կլիներ պատկերացնել, որ գիտական համընդհանուր այս մթնոլորտում անմասն կմնար «Հայկական վիրաբուժություն XXI պրոֆեսիոնալների միությունը»։