Տրանսպորտային ուղեվարձի խնդրի առնչությամբ «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցչների ընտրած ռազմավարությունը սկսում է ուրվագծվել. նրանք որոշել են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել դրսից եւ  փորձել ամեն կերպ մի հերթական անգամ վարկաբեկել քաղաքապետարանի աշխատանքներն ու ցանկացած նախաձեռնություն, որը կարծես դարձել է նրանց առօրյայի մի մասը։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ու հավելեց. «Սակայն նրանք, ինչպես երեւում է, գնալով ընդլայնում են շրջանակն ու պիտակավորումներ են տալիս հանձնաժողվի կազմում ընդգրկված գիտնականին ու մասնագետին, սրտացավ մարդուն ու նաեւ ընդիմախոսին։ Այն մարդկանց, ովքեր՝ ի տարբերություն իրենց, պատասխանատվության զգացումով փորձում են թեկուզ մեկ քայլ անել դեպի բնակչությանը հուզող խնդրի հանգուցալուծում»:

Նրա խոսքով՝ «Բարեւ Երեւանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ հանձնաժողովը գումարել է երկու նիստ, մինչդեռ այն ընդամենը մեկ անգամ է եղել։ «Սա ինքնին ապացուցում է, որ նրանց չի հետաքրքրում խնդրի բովանդակային էությունը եւ որ սա իրենից հետաքրքիր է լոկ որպես հերթական ինքնագովազդի պատրվակ։ Արդյունավետ ու բաց քննարկումը որակվում է ոչ մի լուրջ բան չասող գործընթաց, ընտրված չափորոշիչների մասին համեստաբար լռություն է պահպանվում ու անընդհատ նույն խոսքերը եւ անընդհատ նույն եզրահանգումները»,-ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ նրանք ցանկություն ունեն հիմնավորելու, թե ինչու բնակչության քվե ստացած լինելով հանդերձ, չեն մասնակցում կարեւոր խնդրի համար առաջարկներ նախապատրաստող հանձնաժոովի աշխատանքներին եւ չեն ներկայացնում այնտեղ իրենց իսկ ընտրող երեւանցիների շահերը։

«Այս պարագայում ակնառու է, որ տրամաբանությունը ուղղակի զիջում է քաղաքական հաշվարկներին, ու այս գործելաոճ որդեգրած խմբակցության անդամները առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Գործնական քննարկումներով անցկացված նիստին չմասնակցողի եւ հրաժարվողի կարգավիճակում գտնվելով հանդերձ, նրանք բարձրաձայն հիշատակում են հանձնաժողովի անդամների 3-5 րոպեանոց մեկ-երկու փոխադարձ ռեպլիկներ ու պարզորոշ նշում են, որ իրենց համար հանձնաժողովի աշխատանքին հետեւելու եւ ապա այն քննարկելու որ տեսանկյունն է ընտրվել որպես մարտավարություն»,-ընդգծեց Երեւանի փոխքաղաքապետը:

Հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ Երեւանի ավագանու խմբակցություններից մեկը արդեն ունի խնդրի առնչությամբ ձեւավորված տեսակետ, Նիկոյանն արձագանքեց. «Մարդն ազատ է եւ կարող է իր հետաքրքրությունների շրջանակում դիտել ու ընկալել ամեն ինչ եւ այստեղ որեւէ խնդիր չկա, ուղղակի դա ներկայացնել հանրությանը որպես տեսակետ, այ դա արդեն խնդիր է եւ կարելի է ասել աճպարարական խնդիր ու այն այս պահին ակնառու է։

Արձանագրենք, որ եթե հանձնաժողովի կողմից ազատ քննարկված ու ընտրված չափորոշիչները դառնում են ոչ լուրջ գործոն, ապա գոնե այսպիսի բան հայտարարողը այլընտրանքային լուրջ գործոններ կամ թեկուզ մեկ գործոն պետք է ներկայացներ հանրությանը։ Հակառակ պարագայում պետք է հստակ գիտակցել, որ միայն խոսքերով, արդեն չարչրկված բառակապակցություններով ոլորտ կարգավորել ուղղակի հնարավոր չէ։ Քաղաքի հոգսերով ցավողների եւ ինչ որ բանով օգտակար լինել ցանկացողների այսօրվա հրամայականը չպետք է լինի խոսելը, անհրաժեշտ է աշխատել եւ ցանկալի է մասնագիտական ու հիմնավոր»: