40-ամյա  Ռազմիկ Թ.-ն եւ 25-ամյա Կոնստանտին Ե.-ն «Կովկաս» ռեստորանային համալիրում ներկա լինելով ընդհանուր ծանոթների ծննդյան արարողությանը, պարահրապարակում վիճել են, ծեծել միմյանց եւ խանգարել ռեստորանի եւ այցելուների բնականոն հանգիստը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 40-ամյա  Ռազմիկ Թ.-ն Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հասարակական վայր հանդիսացող «Կովկաս» ռեստորանային համալիրում, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, նշված ռեստորանային համալիրի պարահրապարակում պարելու ժամանակ վիճաբանության մեջ է մտել Կոնստանտին  Ե.-ի հետ, որից հետո վիճաբանությունը տեղափոխվել է ռեստորանի նախասրահ, որտեղ հավաքվել են ռեստորանային համալիրում ծննդյան տոնին հրավիրված անձինք:

Ռազմիկ Թ.-ն եւ Կոնստանտին Ե.-ն, չենթարկվելով հավաքված հասարակության անդամների ` վիճաբանությունը դադարեցնելու պահանջին, շուրջ 10 րոպե փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, ինչի արդյունքում խախտվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, կազմալուծվել է ծննդյան տոնի արարողությունն ու համալիրում գտնվող մյուս հաճախորդների ժամանցը:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258   հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է  ստացվել հոկտեմբերի 2-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: