Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքում խոշոր կառուցապատում իրականացնող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի քան 10 տարի է անավարտ են թողել հաստատված նախագծով շինությունների կառուցումը։
«Գրեթե մեկ տարի առաջ այս խնդրին էլի ենք անդրադարձել, սակայն անցած ժամանակահատվածում ոչ մի արդյունք չենք գրանցել։ Այսօրվա մեր հանդիպման նպատակն է մի վերջին անգամ քննարկել ու հնարավորին արագ լուծում տալ այս խնդրին: Առաջարկում եմ, Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելով, կազմել հստակ ժամանակացույց, որով կվերսկսեք շինարարական աշխատանքներն ու դրանք սահմանված ժամկետներում կհասցնեք ավարտին։ Եթե ունեք այլ առաջարկություններ, ապա քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել նաեւ դրանք եւ իր լիազորությունների շրջանակում աջակցել: Ճիշտ է, այդ տարածքները, նաեւ կիսակառույցները ձեր սեփականությունն են, սակայն չեն կարող նույն տեսքով պահպանվել մայրաքաղաքի սրտում կամ քաղաքի ցանկացած այլ կետում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Կողմերը պայմանավորվել են քննարկել ու հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել ժամանակացույցի առաջարկ։





























