Այսօր Հայաստանի գազաֆիկացման մակարդակը շուրջ 95 տոկոս է, բնական գազ են օգտագործում 591 բնակավայրեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ծաղկաձորում ընթացող Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) «Բնապահպանություն եւ առողջապահություն» աշխատանքային կոմիտեի նիստում, «Գազի արդյունաբերության օբյեկտներում բնապահպանական կառավարման համակարգի կիրառման արդյունավետության բարձրացում: Մշակման եւ ներդրման փորձը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը:
Նշենք, որ սա ԵԳԿ-ի աշխատանքային կոմիտեների արդեն երկրորդ նիստն է, որն անցկացվում է այս տարի Հայաստանում:
ԵԳԿ-ի Կոմիտեի նիստին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել «Գազպրոմ» ԲԲԸ, «Գազպրոմ դոբիչա Օրենբուրգ» ՍՊԸ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Օվերգազ Ինկ.» «Ֆրեկոմ», «Վեմեքս», «Այ Թի», Saturn Data International ընկերությունների, ԵԳԿ-ի քարտուղարության, ինչպես նաեւ Վ.Ի.Վերնադսկու անվան ոչ կառավարական բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը՝ ներկայացնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում. Ընկերության իրական քայլերը եւ սկզբունքային մոտեցումը» զեկույցը, մասնավորապես, նշել է. «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից է եւ իրականացրել է խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց թվում են հանրապետության լայնածավալ գազաֆիկացումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը եւ արդիականացումը: Նշեմ, որ գազասպառման մեջ զգալի մասնաբաժին ունեն ԱԳԼՃԿ-ները (գազալցակայաններ), ինչը պայմանավորված է բնական գազով աշխատող ավտոմեքենաների թվաքանակի աճով: Պետք է նշեմ, որ դա չափազանց կարեւոր բնապահպանական նշանակություն ունի: Փորձագետների գնահատականով, որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործումը թույլ է տալիս էականորեն կրճատել վնասակար նյութերի արտանետումները, ինչը շատ կարեւոր է մեծ քաղաքների ու խոշոր բնակավայրերի համար: Ընդգծեմ նաեւ, որ Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը նույնպես դրական բնապահպանական արդյունք տվեց, քանի որ դրա շնորհիվ կանխվեցին ծառահատումները»:
Խոսելով «Հրազդան-5»-ից, նշվել է, որ էներգաբլոկի արտադրական պրոցեսում խստագույնս ապահովված են էկոլոգիական նորմատիվային պահանջները, մասնավորապես, կայանի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազեցնում է ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում:
Հ. Թադեւոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2003 թվկանին, եւ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան 1993 թվականին: «Կիոտոյի արձանագրության համաձայն, թույլատրված է Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի իրականացումը, որոնք ուղղված են ջերմոցային գազերի (այդ թվում մեթանի) արտանետումների կրճատմանը: Հաշվի առնելով այն, որ «ՀայՌուսգազարդ»-ը շահագործում է նաեւ այնպիսի օբյեկտներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազերի հնարավոր արտանետումների աղբյուր, ինչպես նաեւ իրականացնում է իր համապատասխան սարքավորումների արդիականացման եւ վերակառուցման ծրագիրը արտանետումների կրճատման նպատակով, ներկայում Ընկերությունը մասնակցում է Մաքուր զարգացման մեխանիզմի երկու նախագծերի իրագործմանը», - նշել է նա:
Այսպիսով, ինչպես ընդգծել է Հ.Թադեւոսյանը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման եւ էներգախնայող միջոցառումների իրականացման միջոցով «ՀայՌուսգազարդ»-ը նվազեցնում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը, իսկ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներն Ընկերությունն իրականացնում է կանոնավոր եւ նպատակաուղղված կերպով:
Նիստին զեկույցով հանդես է եկել նաեւ «Գազպրոմի»-ի ներկայացուցիչ Օլեգ Սավչենկոն եւ նշել, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ի բնապահպանական քաղաքականության շրջանակում ստանձնած պարտավորություններից մեկը՝ Ընկերության գործունեության վերաբերյալ բնապահպանական տեղեկատվության լայն մատչելիության, բնապահպանական գործունեության եւ այդ ոլորտում ընդունվող որոշումների թափանցիկության ապահովումն է:
«Ցանկանում եմ մեջբերել «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետեւյալ թեզը. «Գազպրոմ»-ը ձգտում է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա տեխնածին ազդեցությունը: Ընդ որում կարեւոր է ոչ միայն ապահովել ածխաջրածնային հումքի արդյունահանման, վերամշակման, փոխադրման եւ պահեստավորման օբյեկտների կառուցման եւ շահագործման էկոլոգիական անվտանգությունը, այլ նաեւ կարեւոր է ժամանակի պահանջներին համահունչ համապատասխան տեղեկատվական քաղաքականության իրականացումը», – հայտարարել է Օ.Սավչենկոն:
Նիստի ավարտին տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, արծարծված հարցերի ակտիվ քննարկում:
Նշենք, որ Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված է 132 անդամ ԵԱՀԿ 25 երկրից: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
ԵԳԿ-ի նպատակներից են՝
• աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը,
• աջակցել ԵԱՀԿ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, • ապահովել պայմաններ մասնավոր բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության համար:


































