Հայաստանի համայնքները պետք է պատրաստ լինեն աշխատավարձերի բարձրացմանը: Ջերմուկում անցկացվող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Օրերս կառավարությունը հաստատեց 2014թ. բյուջեի նախագիծը, որը կքննարկվի խորհրդարանում: «Այդ պատճառով մեզ հետաքրքրում է ավագանիների դիրքորոշումը համայնքային բյուջեների հարցում: Առաջին հերթին մեզ համար կարեւոր են աշխատավարձերի բարձրացումը եւ դրա հետ կապված ֆինանսական խնդիրները: Շատ համայնքներում միջոցներն անբավարար են, եւ փորձում ենք հասկանալ՝ հատկապես որտեղ են բյուջեի ճեղքվածքներ առաջանում, որոնք պետք է ծածկել», – հստակեցրել է վարչապետը:
Աշխատավարձերի բարձրացումը պետք է պարբերական բնույթ կրի, ուստի համայնքները, ինչպես եւ կառավարությունը, պետք է հնգամյա ռազմավարություն ունենան: «Հուլիսին մենք նվազագույն աշխատավարձը սահմանեցինք 45 հազար դրամ, իսկ մինչեւ 2017թ. այն պետք է հասնի 70 հազարի: Այլ խոսքով՝ նվազագույն աշխատավարձը պետք է զգալի ավելանա: Եվ ձեր բյուջեները պետք է համահունչ լինեն այդ աճին», - նշել է Սարգսյանը:





























