Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ընդունել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներին եւ նրանց շվեյցարական թանկարժեք ժամացույցներ նվիրել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները երեկ երեկոյան ժամանել են Երեւան, նրանց մի մասն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մյուսները՝ տարբեր պետություններում, ոմանք էլ՝ Հայաստանում:
Նրանք Հայաստան են եկել ռուսաստանաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով, ով էլ ֆուտբոլիստներին ուղեկցել է Գարեգին Բ-ի մոտ:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ հետաքրքիր եւ ջերմ հանդիպում է եղել, երկար զրուցել են, այնուհետեւ նկարվել Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում պարզվել է, որ Գարեգին Բ-ն եղել է «Արարատ 73-ի» մեծ երկրպագու, դրանից բացի նա ֆուտբոլիստներից Նիկոլայ Զազարյանի հոգեւոր հայրն է:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին լրանում է «Արարատ» 73-ի հաղթանակների 40-րդ հոբելյանական տարին: Հոկտեմբերի 6-ին Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի աջակցությամբ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում կազմակերպվել է մեծ միջոցառում, որի ժամանակ կմեծարվեն լեգենդար ֆուտբոլիստները:
Մեր տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, նվագախմբի ուղեկցությամբ եւ զարդարված մեքենաներով նրանք կշրջեն Երեւանի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ կմեկնեն Ագարակ՝ մասնակցելու իրենց մեծարման միջոցառմանը: Տոնակատարությունը ավելի մտերիմ մթնոլորտում կշարունակվի «Լաթար» ռեստորանային համալիրում:
Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ միջոցառմանը ներկա կլինեն բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ուժային կառույցների ղեկավարներ, ինչպես օրինակ՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ ֆուտբոլասեր պատգամավորներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:





























