Սուսաննա Մարգարյանը դիմել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, որտեղ հայտնել է, որ Հայաստանի ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հերթապահող իր որդին` Կարեն Մարգարյանը, 2009 թվականին փորձել է կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը: Դրա արդյունքում ժամկետային զինծառայողների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, ինչի հետեւանքով իր մոտ սկսվել են գլխի սուր ծակոցներ եւ առաջացել տեսողության կորուստ:

Ս. Մարգարյանը հայտնել է նաեւ, որ իրենք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, այդ իսկ պատճառով չի կարողանում վճարել որդու տեսողությունը վերականգնելու համար պահանջվող մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը:

Սուսաննա Մարգարյանի դիմումը Պաշտպանի աշխատակազմի կաղմից ընդունվել է քննարկման եւ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն` առաջարկելով քննարկել Կ. Մարգարյանի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորության հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Կարեն Մարգարյանին տրամադրել առողջարանի ուղեգիր համապատասխան բուժում ստանալու նպատակով, սակայն քանի որ երիտասարդի առողջական խնդիրն այնպիսին է, որ ենթակա չէ առողջարանային բուժման, Ս. Մարգարյանը որդուն անհրաժեշտ վիրահատության համար խնդրել է պահանջվող գումարը:

Պաշտպանի աշխատակազմի հետեւողականության եւ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի հետ անմիջական համագործակցության արդյունքում Պաշտպանության նախարարության կողմից Ս. Մարգարյանին տրամադրվել է իր որդու` բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Քաղաքացիների անուն-ազգանունները փոխված են: