Հայաստանի առողջապահության նախարարության եւ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի համատեղ ուժերով, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կայացել է «Վիտամին Կ-ի կիրառումը նեոնատալ բժշկության մեջ» թեմայով խորհրդաժողով նորածինների բժշկական օգնությունն իրականացնողների եւ առողջապահության կազմակերպիչների համար:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդաժողովում անդրադարձ է կատարվել վիտամին Կ-ի կիրառման անհրաժեշտությանը, գործելակարգին եւ քննարկվել առկա խնդիրները: Նաեւ ներկայացվել է ծնողների համար նախատեսված «Վիտամին Կ-ի անհրաժեշտությունը նորածինների համար» հուշաթերթիկը:
Երեխաների բուժօգնության կազմակերպումն առողջապահության համակարգի գերակա խնդիրներից ու առանցքային ուղղություններից մեկն է: Այս առումով կարեւորվում են հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերը: Վերջիններս հաճախ հնարավորություն են տալիս կանխել այնպիսի ախտաբանական վիճակներ, որոնց զարգացումը շատ դեպքերում բերում է հաշմանդամության, երբեմն էլ` մահվան:
Բոլոր այն երկրներում, որտեղ նորածինների մոտ զանգվածաբար կիրառվում է վիտամին Կ-ն, կանխվում են հեմոռագիկ հիվանդությամբ պայմանավորված ուղեղի արյունազեղումների դեպքերը:





























