Այլեւս չունենք չջեռուցվող դպրոց կամ մանկապարտեզ ու այժմ արդեն հնարավորություն ունենք առկա միջոցներն ուղղելու կրթական հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը, դասասենյակների ու լաբորատորիաների արդիականացմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ուսուցչի օրվա նախօրեին, քաղաքապետարանում մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ մշակութային կրթօջախների մանկավարժների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղը: «Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ եւ ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են: Իսկապես անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձեւավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարեւոր հիմնասյունը: Անչափ կարեւոր է ձեզնից յուրաքանչյուրի դերը մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում, քանզի հաճախ նաեւ ձեր անձնական օրինակով եւ նվիրումով է ձեւավորվում 21-րդ դարի հայ մարդու, մեր երկրի արժանի քաղաքացու նկարագիրը: Համոզված եղեք, որ պատասխանատու ձեր գործում քաղաքապետարանը միշտ է ձեր կողքին ու պատրաստ է ոչ միայն խրախուսել, այլ նաեւ օժանդակել մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության կողմից ուշադրությունը. «Տարիների ընդմիջումից հետո այս տարի մենք հնարավորություն ունեցանք զգալի միջոցներ տրամադրելու նաեւ մեր մանկապարտեզների գույքի թարմացմանը։ Վստահեցնում եմ, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական», - ընդգծել է քաղաքապետը:
Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների եւ մեծ ավանդի համար Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Երեւան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգեւատրվել Երեւանի թիվ 103 մանկապարտեզի մեթոդիստ Անահիտ Մուրադյանը, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանն ու Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը:
Տոնական օրվա շրջանակում երեխաների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար, կրթական եւ մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են նաեւ Երեւանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Ուսուցչի օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ եւ, մեկ անգամ եւս շնորհավորելով տոնի կապակցությամբ, նրանց մաղթել է նորանոր հաջողություններ իրենց անչափ կարեւոր ու պատասխանատու գործում:





























