Ռուսական «ԿԱՄԱԶ» բեռնատարները վաղուց են հայտնի Հայաստանում, սակայն միայն այսօր՝ հոկտեմբերի 4-ին Երեւանում բացվեց «ԿԱՄԱԶ» ընկերության առեւտրի եւ սպասարկման կենտրոնը:
Բացման արարողությանը մասնակցեցին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հայտնի հայ գործարար, ԿԱՄԱԶ»-ի բաժնետեր Ռուբեն Վարդանյանը, «ԿԱՄԱԶ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը: Ներկա էին նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
«ԿԱՄԱԶ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Գալստյանը լրագրողներին ասաց, որ «ԿԱՄԱԶ»-երը մատակարարելու են ինչպես պաշտպանության նախարարությանը, այնպես էլ մասնավոր սեկտորին՝ հանքարդյունաբերական, շինարարական, այլ կազմակերպությունների: Բեռնատարների գները տատանվելու են 16-17 մլն դրամից մինչեւ 35-40 մլն դրամ: Հատկանշական է, որ «ԿԱՄԱԶ»-երը Հայաստանում 2%-ով ավելի թանկ են, քան Ռուսաստանում՝ պայմանավորված Ռուսաստանում ավելացված արժեքի հարկի ավելի ցածր դրույքաչափով:
Նշենք, որ Հայաստանում ներկայում կան մոտ 5 հազ. միավոր Կամազ-ներ, որոնց միջին տարիքը 15-20 տարի է:





























