Իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Հոլի Քարթները երեկ բաց նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, որտեղ խորը անհանգստություն հայտնել Արման Բաբաջանյանի առողջական վիճակի համար: «Human Rights Watch»-ը հորդորում է նախարարին՝ անհապաղ միջամտել Արման Բաբաջանյանի գործին՝ համապատասխան մարմիններին կոչ անելով ապահովել վերջինիս բուժումը հնարավորինս բարձր մակարդակով։

Նամակում մասնավորապես նշված է. «Պրն Դանիելյան, մենք Ձեզ դիմում ենք հայտնի լրագրող և խմբագիր Արման Բաբաջանյանի գործի կապակցությամբ, ով ներկա պահին մոտենում է իր 3,5 տարվա ազատազրկման վերջնաժամկետին, որը կրում է զինծառայությունից խուսափելու համար։

Մենք տեղեկացել ենք, որ պարոն Բաբաջանյանի մոտ ախտորոշվել է հիպոֆիզի կիստոզ ադենոմա (7.5 մմ), հետտրավմատիկ էնցեֆալոպատիա` ցնցումային համախտանիշով, ձախակողմյան հեմիպարեզով, ինչը վտանգում է Բաբաջանյանի տեսողությանը և անհրաժեշտ է անհապաղ բժշկական միջամտություն: Մենք մեծապես մտահոգված ենք նրա առողջական վիճակով և այդ պատճառով խնդրում ենք Ձեզ անհապաղ միջամտել և պարտադրել համապատասխան մարմիններին՝ ապահովել Բաբաջանյանի բուժումը հնարավորինս բարձր մակարդակով:

Հույս ունենք, որ Դուք կանեք հնարավոր ամեն ինչ՝ պրն Բաբաջանյանի բուժօգնությունը բարձր մակարդակով ապահովելու համար։ Շնորհակալ ենք տվյալ հարցի շուրջ Ձեր ուշադրության համար»:

Նամակում հիշեցվում է նաեւ, որ 2008թ. հուլիս ամսին «Human Rights Watch»-ը հորդորել է ՀՀ իշխանություններին ազատություն շնորհել Արման Բաբաջանյանին` լավ վարքի համար, ու չնայած միջազգային հանրության խրախուսմանը, ՀՀ իշխանությունները դա չեն արել: