Հոկտեմբերի 10-ին Երեւանում նախատեսված է մեծ երթ, նպատակն է իրազեկել մարդկանց, թե ինչ է կատարվում այսօր Թեղուտում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը։

Նրանք երթը կսկսեն Հանրապետության հրապարակից, այնուհետեւ կանցնեն «ՎՏԲ» բանկի մոտ, որը վերցրել է գյուղացիների հողերը գրավի դիմաց, կլինեն «Վալեքս գրուպի» մոտ եւ կշարժվեն Բաղրամյան 26:

Նա շեշտեց, որ խայտառակություն է կատարվում Թեղուտում, դա իրական Հայաստանն է, թեղուտցիները ուղղակի մահանում են՝ իրենց  հողը կորցնելով, «Հայաատանին ի՞նչ է մնում դրանից, մեռած ձորեր, խորխորատներ»։ Նա վստահ է, որ Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրների լուծումը միջազգային դաշտում լուծում չի կարող ստանալ, իրենք են, որ գալիս են երկիրը թալանում են, գնում են։

Արմատներով Թեղուտից Նարե Սմբատյանն էլ ասաց, որ եթե 2006թ մարդիկ չէին գիտակցում՝ ինչ խնդիրներ կարող էր բերել հանքի շահագործումը, հիմա առնչվում են դրա հետ, դա առաջին հերթի փոշին է, առաջացած պայթեցումների հետեւանքով, «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստացել էր ջրցան մեքենաների միջոցով վերացնել դրանք, սակայն չի կարողացել։ Մյուս խնդիրը առնչվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի հետ, թեեւ գյուղացիներին խոստացել էին օտարված հողերում ելքումուտք ունենալ, բայց արոտավայրերից քշել են անասուններին, նրանք գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն չունեն։ Դրանից բացի՝ ջրահեռացման թունելի փլուզման հետեւանքով սողանքի վտանգ է առաջացել, խոստացված աշխատավայրերը եւս չկան, թեղուտցիներին աշխատանքի չեն ընդունում կամ չնչին աշխատավարձով են ընդունում աշխատանքի, ««Վալլեքսը» նման ծրագիր է նախաձեռնել, որ Թեղուտը լինի առանց թեղուտցիների»։

Բնապահպան-ակտվիստներից Գայանե Բաբլոյանը նշեց, որ այս ամենի ենթատեքստում պարզ դրված է՝ «եթե դուրդ չի գալիս, դուրս արի, գնա, թեղուտը ազատիր»։

Իսկ ասուլիսի բանախոսներից Լեւոն Ստեփանյանը նշեց, որ երբ ստորագրվեց Թեղուտը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը, կային պահանջներ, որոնք պետք է կատարվեին, օրինակ՝ պետք է անցկացվեին ճանապարհներ, գազամատակարարում, ջրամատակարարում, այժմ այնտեղ ողբալի վիճակ է, որեւէ բան չի արվել։ «Մոտ յոթանասունի հասնող ներպետական, միջազգային կոնվենցիաներ են խախտվում, իրենք խոստացել էին փոխհատուցում գումարի տեսքով, քիչ մարդիկ են դա ստացել, ստացածներն էլ չնչին գումարներն են։ Խայտառակություն է, որ այնտեղ քառակուսի մետրը 33-44 դրամով է վաճառվել, երբ շուկայական գները այլ են, հաճախ պայմանագրեր էլ չկան կնքված»,- ասաց Լեւոն Ստեփանյանը։ Իրավաբանը շեշտեց, որ Թեղուտում կարելի է տնտեսությունը զարգացնել գյուղատնտեսության հիման վրա։