Ադրբեջանական  «Դեմոկրատական Ադրբեջան» շարժումը, որը բաղկացած է Եվրոպայում բնակվող քաղաքական գաղթականներից, ադրբեջանցի ժողովրդին կոչ է արել հոկտեմբերի 9-ին քվեարկել ընդդիմադիր Ազգային խորհրդի առաջադրած  միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին:

«Մենք՝ քաղաքական գաղթականներս, դիմում ենք բյուջետային կառույցների եւ կազմակերպությունների աշխատակիցներին, իշխանությունում ընդգրկված բարեխիղճ մարդկանց, Ադրբեջանի ժողովրդին ընդհանրապես:  Որքան ավելի շատ եք վախենում, սատարում ռեժիմին, մասնակցում կեղծիքներին, այնքան ավելի շատ է Ադրբեջանը մոտենում անդունդին:   Մենք դիմում ենք նրանց, ովքեր աշխատանքը կորցնելու վախից մասնակցում են կեղծքիներին:  Իշխանությունների կեղծիքներին սատարողները պետք է հասկանան, որ իրենց գործողություններն ադրբեջանցի ժողովրդի ողբերգության պատճառ կդառնան, այդ թվում՝ իրենց եւ իրենց երեխաների», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի է ունենում  ընդդիմության հանդեպ ճնշումների, դրա բազմաթիվ ակտիվիստների ձերբակալման, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում: Երկու տասնամյակում ձեւավորված «բարի» ավանդույթի համաձայն` բոլոր ռադիոկայանները եւ հեռուստաալիքներն անհասանելի են գործող իշխանությունների քննադատների համար:  Փոխարենը լուրերի թողարկումները ողողված են Ադրբեջանի ժողովրդի այսպես կոչված «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի որդու` Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ` Մեհրիբան Ալիեւայի մարզային հանդիպումների մասին թողարկումներով: Բայց քանի որ ադրբեջանական քարոզչական համակարգին դա քիչ է թվացել, ալիեւյան կլանի վերարտադրման համար պայքարի երկրորդ ճակատը բացել են  նրանց դստրերը` Լեյլա եւ Արզու Ալիեւաները, որոնք էկրանին իրենց ակտիվ մասնակցությամբ սկսել են «ներդաշնակորեն» լրացնել առանց այդ էլ երկար եւ ձանձրալի հեռուստաթողարկումներն իրենց  ծնողների գործունեության մասին: