Հայաստանում նորություն չկա, սցենարը նույնն է՝ շեղել ժողովրդին գլխավոր հարցից, որ իշխանությունն անարդար է եւ ոչ լեգիտիմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Նա մոտ վեց ամիս չի եղել հանրապետությունում, այցելել է ինը պետություն, զբոսնել է աշխարհով, «այդպիսի ցանկություն ուներ»։
Տիգրան Կարապետյանը Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցը համարում է հենց ժողովրդի ուշադրությունը շեղելու սցենարի մաս։ «Հասարակ բան՝ ՀՀԿ-ն իր ձայնը տալիս է Զարուհի Փոստանջյանին, էն էլ Հովիկ Աբրահամյանի թիմից պատգամավորը, պայմանավորված են եղել, հենց այնպես չէր լինի, իրենք դերասաններ են։ Ինտրիգ է պետք, պետք է ժողովրդին շեղել, որը հաջողվում է իշխանությանը։ Կազինոն դա մեղադրանք չէ, մենք չգիտե՞նք, որ ինքը խաղում է, գիտեի՞նք չէ, առաջին անգամ չէ, որ բարձրացնում են այդ հարցը»,- ասաց նա։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























