«Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» եւ նման անվանումներով մթերքների արտադրության ոլորտում առկա է անբարեխիղճ մրցակցություն:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ամիս տեւած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ տասնյակ դեպքերում նման անվանումները ունեն սպառողին մոլորեցնելու միտում: Խախտումներ են հայտնաբերվել հացի, հրուշակեղենի, մեղրի, պահածոների, ձավարեղենի, թեյի եւ այլ շուկաներում:

Համաձայն օրենսդրության՝ մակնշման մեջ եւ գովազդում «օրգանական», «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կարելի է օգտագործել միայն համապատասխան սերտիֆիկացում անցնելուց հետո: Սակայն, ի պատասխան Հանձնաժողովի պահանջի, մի շարք ընկերություններ հավաստման փաստաթուղթ չեն ներկայացրել:

Այնինչ՝ ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Տնտեսվարողը պարտավոր է արտադրանքի վերաբերյալ  սպառողին տրամադրել ամբողջական եւ հավաստի տեղեկատվություն:

Դիտանցումների արդյունքում բացահայտվել է, որ անբարեխիղճ վարքագիծ են դրսեւորել հետեւյալ ընկերությունները.  «Թալին Ֆուդ»,«Կալաչ»,«Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան «Նյու Վեյվ»,  «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ Գ. Հյուսյան» եւ «Ամառտի»:

Այս ընկերությունները ՏՄՊՊՀ որոշմամբ ստացան խիստ նախազգուշացում՝ 10 օրյա ժամկետում խախտումները վերացնելու հանձնարարականով: Միաժամանակ, Հանձնաժողովը կոչ է անում սպառողներին, կասկած հարուցող նման դեպքերի առնչվելիս դիմել ՏՄՊՊՀ՝  010 54-40-04 թեժ գծի միջոցով:

Տեղեկացնենք նաեւ, որ ՏՄՊՊՀ-ը վերոնշյալ խնդրի հետ կապված ուսումնասիրել է նաեւ ոչ պարենային ապրանքների շուկան: Պարզվել է, որ մաքրող եւ լվացող միջոցների, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պարագայում եւս կիրառվում են  «Բիո» եւ «Էկո»  հասկացությունները: Սակայն օրենսդրությունն այս տեսակի ապրանքների մասով հստակ կանոնակրգված չէ, ուստի առաջիկայում ՏՄՊՊՀ-ն օրենսդրական առաջարկություններ կներկայացնի: