ԱՄՆ-ի Sandy Hook School դպրոցի աշակերտների ծնողները վճռել են քանդել դպրոցը եւ այն կառուցել նոր վայրում: Դպրոցում 2012թ. դեկտեմբերին զինված հարձակման հետեւանքով զոհվել էր 26 մարդ, այդ թվում` 20 երեխա:
Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ քանդելուն «կողմ» են քվեարկել 4504 մարդ, «դեմ»` միայն 558-ը: Նոր շենքի շինարարության համար դաշնային գանձարանից կտրամադրվի 50 միլիոն դոլար:
Սենդի Հուք դպրոցը փակվել էր միջադեպից անմիջապես հետո, իսկ դրա բոլոր աշակերտները տեղափոխվել էին մոտակայքում գտնվող ուսումնական հաստատություն: Թեեւ թաղամասը դպրոցների պակաս չունի, նրանք, ում վերաբերել է այս ողբերգությունը, նոր դպրոցի շինարարոթյունը համարում են տուրք զոհերի հիշատակին:
«Ես վստահ եմ, որ քաղաքին նոր դպրոց է հարկավոր` վերքերը բուժելու եւ առաջ ընթանալու համար», – ասել է քվեարկությանը մասնակցած Իվոնա Գրիմսը:
Նախատեսվում է, որ նոր շենքը կկառուցվի մինչ 2016թ. սկիզբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Washington Times թերթի կայքը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին 20-ամյա Ադամ Լանզան դպրոցում սպանել էր 26 մարդու:





























