Հայաստանի պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ադրբեջանական կողմի այն հաղորդագրությունը, որը կապված է սահմանին, իբրեւ թե, տեղի ունեցած միջադեպի հետ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հայտարարել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, վերջին օրերին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը, եւ որոշակի դեպքերում հայկական կողմը ստիպված է եղել պատասխան գործողությունների դիմել: Այն հարցին, կան արդյոք հայկական կողմում գերիներ, տրվել է կատեգորիկ «ոչ» պատասխանը:
«ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ը՝ վկայակոչելով ANS հեռուստաալիքը, հայտնել էր, թե միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Տուժողներից մեկը՝ 35-ամյա Վեզիր Վելիեւը, բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, իսկ 40-ամյա Ալի Ալիեւի մասին տեղեկություններ չկան: Ենթադրվում է, որ միջադեպից հետո նա չեզոք գոտում է, նրա վիճակն անհայտ է: Երրորդ բնակիչը՝ 30-ամյա Հագանի Մագերրամովը, չի տուժել, ներկայումս նա միջադեպի վերաբերյալ ցուցմունքներ է տալիս:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը: Թե ովքեր են եղել սահմանախախտները՝ մոլոված հովիվներ, թե դիվերսիոն խմբի անդամներ, առայժմ հայտնի չէ: Վերջին վարկածի օգտին խոսում է այն, որ միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ սահմանի այդ հատվածում: Դրանցից ամենանշանակալին տեղի է ունեցել 2010թ մարտի 3-ի գիշերը Հայսատանի Տավուշի մարզի Կոթի գյուղի հատվածում Ադրբեջանից Հայաստանի տարածք էր ներխուժել դիվերսիոն խումբ՝ բաղկացած 5-6 մարդուց: Խումբը վնասազերծվել էր, դիվերսիոն խմբի մի քանի վիրավոր անդամներին հաջողվել էր փախչել եւ հատել սահմանը:





























