Մանկապարտեզների, ծերանոցների, մանկատների, գիշերօթիկ հաստատությունների պետգնումների ոլորտում կրկին բացահայտվում են փոխհամաձայնեցված գործարքներ: Այդ հաստատություններին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար գրուպ» ընկերությունները հնարավոր է՝ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մեղադրվեն մրցակցությունները սահմանափակելու համար:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին ՏՄՊՊՀ նիստում ներառված էր այդ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, սակայն այն հանվեց օրակարգից, քանի որ բողոք է ստացվել նաեւ մեկ այլ ընկերության նկատմամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ չորրորդ ընկերությունը «Տիսա»-ն ՝ (հիմնադիր՝ Անի Անդրիասյան):
Նշենք, որ «Երեքնուկ», «Ամարաս Յուս» (հիմնադիրներ՝ Յուրա Ադյան եւ Սուսաննա Հարությունյան) եւ «Սեար գրուպ» (հիմնադիր) ընկերությունները անցյալ տարի եւս տուգանվել են՝ մանկապարտեզներին սննդի մատակարարման մրցույթներում խախտումների համար:
Մեր կողմից հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ռեգիստրում «Սեար գրուպ» անվանումով ընկերություն չգտնվեց, իսկ «Երեքնուկ» անվանումով առնվազն 5 ՍՊԸ կա:





























