Միակ սցենարը, որի դեպքում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը կարող է լուրջ խնդիրներ ունենալ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ սկսվելն է: Պատերազմի վերսկսումը գրեթե անխուսափելի է,  հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա եւ ինչ սցենարով այն կընթանա: Այդ մասին գրված է  ռուսաստանցի  ռազմական փորձագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի  տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինի «Հարավային օկրուգ. Կովկասում  հակառակորդները Ռուսաստանին չեն վախեցնում» հոդվածում, որը հրապարակվել է հոկտեմբերի 7-ին` «Ռուսսկայա պլանետայում»:

«Հավանաբար, եթե պատերազմը  90-ականների նման լինի զուտ հայ-ադրբեջանական, Ռուսաստանը Հայաստանի առաջ ՀԱՊԿ-ի իր պարտականությունները կանտեսի եւ չի մասնակցի պատերազմին: Սակայն եթե Ադրբեջանի կողմից հանդես գա Թուրքիան, որը ոչ մի դեպքում չի կարելի բացառել, Մոսկվան բացառիկ բարդ կացության մեջ կհայտնվի:  Առավել եւս, որ այդ դեպքում հարվածի տակ կհայտնվի Հայաստանում մեր 102-րդ կայանը:  Իր դաշնակցային պարտականությունները կատարելուց խուսափելը բավականին բարդ կլինի: Սակայն դժբախտությունն այն է, որ Հայաստանը մեզ սահմանակից չէ, նրան օգնութան կարելի է հասնել կամ Վրաստանով, կամ էլ` Ադրբեջանով», - գրում է Խրամչիխինն իր հոդվածում, որը նվիրված է ՀՌՕ-ի սպառազինությանը եւ  հնարավորություններին` Կովկասում տարբեր ռազմական սցենարներ իրագործելու դեպքում, ներառյալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար Վրաստանի դեմ պատերազմը, Լեռնային Ղարաբաղի համար  եւ Թուրքիայի դեմ պատերազմները: 

«ՀՌՕ-ն պատերազմի դեպքում հեշտությամբ կջախջախի Վրաստանի ԶՈՒ-ն: Իսկ եթե կարիք լինի անձամբ հարձակվելու, ընդ որում՝ երկար ժամանակ վերահսկելով վրացական տարածքը եւ Հայաստանին հարակից նրա շփումը, դա արդեն ավելի բարդ խնդիր է, ՀՌՕ-ն այդ ժամանակ հազիվ թե կարողանա առանց այլ օկրուգների օգնության հաղթել», - նշում է փորձագետը եւ հավելում, որ ավելի դժվար կլինի Ադրբեջանով օգնության հասնելը:

«Վերջին տարիներին Ադրբեջանը ռուսական զենքի հիմնական գնորդներից է, այդ թվոմ  նաեւ` նորագույն, ընդ որում` մատակարարումները շարունակվում են նաեւ այժմ: Այդ մատակարարումների շարքում են Տ-72 62 տանկ եւ Տ-90Ս 94 տանկ, հարյուր ԲՄՊ-3 , 24 ԲՏՌ-80Ա, 18 ՍԱՈՒ 2Ս19 «Մստա», 18 ՌՍԶՕ ՏՕՍ-1Ա,  2 ԶՌՍ Ս-300Պ, Մի-35Մ 24 ուղղաթիռ, Մի-17 60 ուղղաթիռ:  Դա արդեն բավական է Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ քանակական եւ որակական առավելություն ապահովելու համար, հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ մեր դաշնակիցն է (ի տարբերոթյուն Արբեջանի): Բացի այդ, Ադրբեջանը նույնիսկ ավելի շատ քանակությամբ ռազմական տեխնիկա է ձեռքբերում Ուկրաինայից:

Մոսկվայի նման յուրօրինակ քաղաքականության շնորհիվ Հարավային ռազմական օկրուգի ներուժը, ամենայն հավանականությամբ, չի բավարարի Ադրբեջանի միջով Հայաստանին օգնության հասնելու համար:

Կամ էլ Մոսկվան արդեն որոշել է, որ Երեւանի հետ նույնկերպ կվարվի, ինչպես ՆԱՏՕ-ն՝ Թբիլիսիի. օրհասական պահին օգնելու համար ոչինչ չի ձեռնարկի», - գրում է  ռուսաստանցի փորձագետը եւ հավելում. «Այսպիսով, Հարավային ռազմական օկրուգի ներուժը միանգամայն բավարար է ՌԴ-ն, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան պաշտպանելու համար, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում:

Իսկ եթե հերթը հասնի Հայաստանի փրկությանը, ապա մենք կամ ստիպված կլինենք չկատարել մեր պարտականությունները, կամ էլ արյունահեղության մեծ վտանգ կլինի»: