ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է ՀԱԿ ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հայցի քննումը։ Նիստն ընդմիջվել է տասը րոպեով, քանի որ ակտիվիստներից երկուսը ուշանում էին։
Դրսում ՀԱԿ երիտասարդ անդամները ակտիվիստներին սատարելու եկած քաղաքացիներին, ՀԱԿ անդամներին ու համակիրներին բաժանում են սպիտակ շապիկներ, որոնց վրա սեւ պրինտով պատկերված է Տիգրան Առաքելյանի նկարը եւ գրված է «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին»։
Տիգրան Առաքելյանը նույնպես իր նկարով շապիկով է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասել էր, որ ցանկության դեպքում դատավոր Եվա Դարբինյանը կարող է ակտիվիստներին համաներումով ազատ արձակել հենց դատարանի դահլիճից։
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը մի քանի անգամ մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























