Նախորդ գիշեր Հայաստանում տեղացած ձյունը միանգամայն բնականոն երեւույթ է:

NEWS.am –ի հետ զրույցում ԱԻՆ-ի «Հայպետհիդրոմետի» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշել է, որ տեղի է ունեցել արկտիկական օդային հոսանքների ներթափանցում հյուսիս-արեւմուտքից, որի հետեւանքով էլ լեռնային շրջաններում ձյուն է տեղացել:  «Մենք համապատասխան կանխատեսում էինք կատարել մի քանի օր առաջ», - հիշեցրել է Սուրենյանը: Ըստ նրա`  հոկտեմբերին լեռնային շրջաններում ձյունը միանգամայն բնականոն է Հայաստանի կլիմայական գոտու համար:

Հայաստանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենավաղ ձյունը տեղացել է 1948թ. հոկտեմբերի 13-ին:  «Այն ժամանակ հանրապետության ողջ տարածքում, նույնիսկ Արարատյան դաշտավայրում եւ Երեւանում, ձյուն էր եկել», - նշել է Գագիկ Սուրենյանը: