NEWS.am-ը հարցազրույցը հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հետ, ով պատմում է Ադրբեջանում եւ Հայաստանում ազգայնական հռետորության մասին՝ որպես ԼՂ խնդիրը չլուծելու միջոցի: Նա նաեւ անդրադառնում է Ադրբեջանում նախընտրական շրջանում ստեղված ներքաղաքական իրավիճակին:

Հայաստանում այժմ շատ են խոսում Ռուսաստանի շանտաժի մասին. մտեք Մաքսային միություն, թե չէ Բաքվին նոր հրթիռներ կվաճառենք…

Ես կարծում եմ, որ դրանում ճշմարտության հատիկ կա, բայց իրավիճակը պետք է այլ կերպ գնահատել: Նախ, Հայաստանին ռուսական հնացած սպառազինությունն անհամեմատ ցածր գներով տրամադրելը մարքեթինգային քայլ է, որպեսզի ստիպի վճարունակ գնորդին՝ Ադրբեջանին, վճարել այդ անպետք ջարդոնի համար: Երկրորդ, Ադրբեջանին զենք տրամադրելով, Ռուսաստանը գիտի, որ այդ զենքը չի օգտագործվելու մարտադաշտում, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի համարձակվի պատերազմ սկսել Ղարաբաղում: Պատճառները մի քանիսն են. Նախ, Ղարաբաղը նրանց պետք չէ, այնտեղ նավթ ու գազ չկա, որը կարելի լինի արդյունահանել ու վաճառել: Իսկ այն քիչը, որտեղ այնտեղ արդյունահանվում է՝ պղինձ եւ ոսկի, դրանք կոպեկներ են ածխաջրածիններից ստացվող գումարների համեմատությամբ:

Երկրորդ՝ պատերազմը Ղարաբաղում նրանց համար վտանգավոր է, քանի որ կարող են զրկվել իշխանությունից, իսկ նրանց համար կյանքի նպատակը գողությունն է, իսկ գողության մեթոդը՝ պաշտոններում մնալը: Եվ երրորդ՝ հյուսիսում կա տեր, որը թույլ է տալիս եւ կարող է պատժել: Վրաստանում նա ցույց տվեց դա, եւ այն կարող է կրկնվել այստեղ:

Իսկ Հայաստանի կողմից պատերազմ սկսելն իմաստ չունի, որովհետեւ նրանք երազել են Ղարաբաղի մասին եւ այն ստացել են: Բայց հիմա իրավիճակն այսպիսին է. նրանք մեքենա են գողացել ու մտցրել բակ, ամեն օր լվանում ու մաքրում են, բայց այն դուրս բերել ու վարել չեն կարող, որովհետեւ հենց դուրս բերեն, Ճանապարհային ոստիկանությունը կկանգնեցնի եւ կվերցնի մեքենան: Այս իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին:

Այդ դեպքում՝ ինչո՞ւ է հայ հասարակությունը հակվում այն տեսակետին, որ Ադրբեջանը եթե ոչ այսօր, ապա վաղը պատերազմ է սկսելու:

Դա չի լինելու: Հարավային Կովկասը նման է կրկեսի. Կա կրկեսի տնօրեն՝ Ռուսաստանը, եւ կան տեղի վարժեցնողները: Յուրաքանչյուրը վարժեցնում է իր խմբին՝ ազգայնական մտավախությունների, վախի, սպառնալիքների, սեփական բնակչությանն ատելություն ներարկելու ճանապարհով: Այս գժանոցն ու կրկեսը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ մեր երկրները հայտնվեն ամենաանելանելի վիճակում: Հայաստանը, վերջապես, կհայտնվի բնակչության նվազման հատակին, պետականության կորստի, ֆինանսական ճգնաժամի առջեւ: Մեզ մոտ վերջնականապես կգողանան բոլոր նավթային գումարները եւ մենք կհայտնվենք պարտքային անդունդում: Իսկ երբ այդ գողերը կփախչեն իրենց ֆազենդաները, այդ ժամանակ ժողովուրդը կարող է առաջ շարժվել:

Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հակառակորդները նշում են, որ Հայաստանի դեմ է լինելու Ղազախստանը, որը առաջ է մղում Բաքվի շահերը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա հիմնավոր:

Իզուր չեն ասում, որ նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել: Կար հզոր եւ մեծ ԽՍՀՄ-ը՝ միասնական գաղափարախոսությամբ, ԿԳԲ-ով, բանակով, իրավական եւ տնտեսական համակարգերով: Բայց դեռեւս որեւէ մեկին չի հաջողվել վերականգնել փլված կայսրությունները, բացառությամբ բոլշեւիկների, որոնք վերականգնեցին Ռուսական կայսրությունը, որխես Խորհրդային:
Բայց նրանք բոլորովին այլ պետություն կառուցեցին՝ հիմնված աշխատավորների եղբայրության մեծ գաղափարի վրա: Այսօր այդ գաղափարը չկա: Կա ռուսական գող օլիգարխների խումբ, որը ցանկանում է մտնել տեղական օլիգարխ-արքայիկների՝ հայկական, ադրբեջանական, ուզբեկական օլիգարխների այգին, իսկ նրանք դա չեն ուզում ու դրա համար էլ դա չի ստավի: Իսկ Եվրասիական միության եւ Մաքսային միության մասին հեքիաթները հորինվածք են եւ շատ հաջողված, որպեսզի մշտապես կերակրեն ու շահագործեն ռուսաստանցիներին, որոնք երբեմն հզորության երազներով են ապրում: Այս է ամենը:

ՀԱՊԿ-ն նույնպես այդպիսի կառո՞ւյց եք համարում:

ՀԱՊԿ-ն Ռուսաստանն է գումարած Հայաստանը Ղարաբաղի հարցում: Ոչ Ղազախստանը, ոչ Ղրղըզստանը, ոչ որեւէ այլ երկիր ռազմական գործողությունների չի միջամտի, ինչների՞ն է պետք: Ուստի ՀԱՊԿ-ն անգործության է մատնված եւ այդպես էլ շարունակվելու է: Տեսականորեն այն կարող է գործել միայն եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա: Բայց դա երբեք տեղի չի ունենա: Ինչպես հայերն են ասում. «Արա, բա դա քեզ պե՞տք է»: Մեր իշխանությանը դա պետք չի: Նրանց գլխավոր խնդիրը նավթ վաճառելն է, իսկ հիմա նաեւ գազ: 20 տարի է պաշտոն ու հող են ծախում, ծախում են, ինչ հնարավոր է:

Կարելի՞ է ինչ-որ նոր քայլեր սպասել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Ընտրություննե՞ր. «Այդ տնքոցը մեզ մոտ երգ են կոչում»… Դա խնդիրները չլուծելու առիթ է: Ռուսաստանը Սերժին եւ Իլհամին հրամայել է չլուծել խնդիրները, նրանք էլ թռիչքի իմիտացիաներ են անում, ականջներն են շարժում, թշերն են ուռացնում, բայց իրականում ոչինչ չեն անում: Հակամարտությունը մեռյալ կետից տեղաշարժելու հսկայական հնարավորություններ կան:

Ադրբեջանի իշխանությունների եւ ընդդիմության հայտարարությունները Ղարաբաղի հարցում տարբերվո՞ւմ են:

Ընդդիմությունը Ղարաբաղի մասին քիչ բան է խոսել: Քննարկումները դեռեւս անձնական մակարդակի վրա են: Ընդդիմախոսին կարելի է առավել ուժեղ պիտակավորել, նրան անվանելով հայ կամ մեղադրելով հայերի հետ կապեր ունենալու մեջ: Ես միշտ ասել եմ՝ ավելի հեշտ եւ ձեռնտու է բանավեճերի ժամանակ օգտագործել էթնիկ խաղաքարտը: Ես դա ասել եմ նաեւ 1989-ին՝ Էլչիբեյին, նաեւ հետագայում: Բայց այդ խաղաքարտն օգտագործելը ֆաշիզմ է եւ դա վերաբերում է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին եւ ցանկացած այլ երկրից: Դա քաղաքակիրթ մարդուն հարիր չէ: Իսկ մեզ մոտ քարոզարշավը շատ ցածր մակարդակի վրա՝ ընդդիմության թեկնածուի հասցեին ուղղված անլուրջ վիրավորանքներով: Վերջինս էլ, ցավոք, նույնպես նույն մակարդակի վրա է:

Զրուցեց Արամ Գարեգինյանը