PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ռազմական թեւի՝ Ժողովրդի պաշտպանության կենտրոնի (HSM) առաջնորդ Մուրադ Քարայըլանը քրդական հարցի կարգավորման ուղղությամբ թուրքական իշխանությունների ներկայացրած փաթեթը բավարար չի համարել՝ պահանջելով իրականացնել 3 կետից բաղկացած պահանջ։

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի ռազմական թեւի առաջնորդ Մուրադ Քարայըլանը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կողմից ներկայացրած ժողովրդավարացման փաթեթին, նշել է, թե PKK-ն դրա վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն առաջիկա օրերին կներկայացնի։ Նա մասնավորապես նշել է, թե այս պահի դրությամբ կանգնեցված է PKK-ի զինյալների հետ քաշումը Թուրքիայի տարածքից, սակայն զինադադարը պահում են։ Քարայըլանը շեշտել է, որ եթե թուրքական զինված ուժերը գործողություններ ձեռնարկեն քուրդ զինյալների դեմ, ապա իրենք կանցնեն պատասխան հարձակումների։

Քարայըլանը քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը շարունակելու համար պահանջել է իրականացնել 3 կետից բաղկացած պահանջ՝ շեշտելով. Թե դրանք չկատարելու դեպքում նախաձեռնությունը կհայտնվի փակուղում։

«Սրանից հետո քրդական հարցի կարգավորման բանակցություններում պետք է անկախ 3-րդ կողմի ներգրավել։ Բանակցություններում որ կողմը որ պարտականությունները չկատարի, այդ կողմը պետք է զգուշացում անի։ Խնդրի կարգավորման համար պետք է սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություններ կատարվեն։ Անհրաժեշտ է փոխել Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները»,-հայտնել է Քարայըլանը։