Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի նախապատրաստման հարցը,ասված է ԵՄ հայտարարության մեջ:
«Գերագույն ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու դիրքորոշմանը, որոնք համատեղելի են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հետ կապված Երեւանի պարտավորությունների հետ: Էշթոնի համար հաճելի է եղել նախարար Նալբանդյանից լսել, որ Հայաստանը վճռական է տրամադրված ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում եւ կշարունակի բարեփոխումները»,-ասված է հայտարարությունում:





























