Ֆրանսիական Ալֆորվիլլ կոմունայում կայացել է հայկական նոր դպրոցի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը: Այդ մասին գրում է «Nouvelles d՝Arménie»-ը: Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիական թեմի հրաժարական տված առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Ալֆորֆիլի քաղաքագլուխ սենատոր Լյուկ Կարվունան եւ Վալ-դե-Մարնի պատգամավոր Ռենե Ռուկեն, ինչպես նաեւ նախագծի հովանավոր Գեւորգ Արաբյանը:

Նոր շենքի կառուցման նախագիծն իրենից ներկայացնում է 1978թ.-ին հիմնված եւ ներկայում գործող Սուրբ Մեսրոպ դպրոցի ընդարձակում: Այդ դպրոցն ավելի լավ կպատասխանի նախնական ու միջնակարգ կրթության ստացման աճող պահանջարկին: Նախագիծը ղեկավարվում, ֆինանսավորվում ու իրականացվում է Ֆրանսիայում հայկական մշակույթի զարգացման ասոցացիայի կողմից: