Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից հետո այդ երկրի հանդեպ գերակաող զգացմունքը ըմբռնումն ու սրտացավությունն է: Նրանք հասկանում են Սերժ Սարգսյանի այդ որոշումը, առանձնացնում են Պուտինը այցը Բաքու, Ադրբեջանին զենք վաճառելը եւ հասկանում, որ Հայաստանը այդ որոշումը կայացրել է ճնշման ազդեցությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լիտվական աղբյուրները նաեւ ընդգծում են, որ Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաները բավականին հիասթափված են վերջին պահին Հայաստանի կողմից կայացրած որոշումից:

Այդ առումով բավականին կոպիտ են հնչել Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Պետրաս Աուշտրեվիչուսի գնահատականները: Նա քննադատել է Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը, քանի որ այն խախտել է երկու եվրոպական սկզբունքներ՝ թափանցիկության եւ կանխատեսելիության:

Նա կարծում է, որ Մաքսային միության անդամ դառնալով՝ Հայաստանը կնվազեցնի իր հնարավորությունները՝ կապված եվրաինտեգրման հետ: ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանը ավելի ցածր կարգավիճակ կունենա, քան Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը: