Բելառուսի արդարադատության նախարարությունը դիմել է ԱՊՀ Տնտեսական դատարան՝ հարցականի տակ դնելով նավթի եւ նավթաքիմիական հումքի վրա դրված մաքսատուրքի իրավաչափությունը:

Ինչպես հաղորդում է BELTA-ն, վկայակոչելով արդարադատության նախարարությունը, մաքսատուրքի կիրառումը լրջորեն բարդացրել, որոշ դեպքերում էլ պարզապես դադարեցրել է երկրի նավթաքիմիական ձեռնարկությունների առաքումները:

«Ըստ էության, դա նշանակում է Բելառուսի մի շարք խոշոր ձեռնարկությունների աշխատանքի լիակատար դադարեցում»,- արձանագրել են ԱՆ-ի մամուլի ծառայությունում: 2010թ. հունվարի 21-ից Ռուսաստանից Բելառուս նավթամշակման ապրանքների վրա ներմուծման մաքսատուրք է կիրառվում:

Ռուսական կողմի գործողությունների իրավաչափությունը բազմիցս բանակցությունների առարկա է դարձել տարբեր ձեւաչափերում, սակայն ո՛չ բանակցությունները, ո՛չ պաշտոնական նամակագրությունը արդյունք չեն տվել: